ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Փարիզում մոտ 40 մարդ է ձերբակալվել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների և ոստիկանության բախումներից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` ֆրանսիական ԶԼՄ-ներին հղումով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ երեկոյան Ելիսեյան դաշտերում` մարզական երկրպագուների ավանդական հավաքատեղիում, ոստիկանությունը սկսել է ցրել Մարոկկոյի հավաքականի երկրպագուներին, որոնք նշում էին հավաքականի հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի դեմ խաղում: Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ է կիրառել։
«36 ձերբակալություն է եղել»,-հաղորդում է Figaro թերթը, իսկ BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ իրավապահ մարմինները ձերբակալել են 42 մարդու։
Շաբաթ օրը մարոկկացիները Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում 1:0 հաշվով հաղթեցին Պորտուգալիայի հավաքականին: Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականը դարձավ պատմության մեջ առաջին աֆրիկյան թիմը, որին հաջողվել է դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականը դեկտեմբերի 14-ին կխաղա Ֆրանսիայի հետ։