«Մանկական Եվրատեսիլ-2022»-ում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լիսանդրոն

«Մանկական Եվրատեսիլ-2022»-ում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լիսանդրոն
Հայաստանի ներկայացուցիչ Նարեն 180 միավորով գրավեց 2-րդ տեղը։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան I Believe երգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն (203 միավոր)։
Նա կատարեց իր «Oh Maman!» երգը։
«Ես շատ–շատ երջանիկ եմ, շնորհակալ եմ»,–իր երգը երկրորդ անգամ երգելուց հետո ասաց Ֆրանսիայի մասնակիցը։
Հայաստանի ներկայացուցիչ Նարեն («DANCE») 180 միավորով գրավեց 2-րդ տեղը։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան «I Believe» երգով։
Նշենք, որ այս տարվա մրցույթի ֆավորիտների շարքում էին Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի ներկայացուցիչները։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեի հաղթելու շանսերը բլոգերները ևս բարձր էին գնահատում։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչն անցկացվում էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցում էին 16 երկրների պատվիրակներ։ Մրցույթի կարգախոսն է «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։
Ի դեպ, չնայած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հրավիրվել են ու ելույթ ունեցան նախորդ 19 տարիներից մրցույթներում հաղթած մասնակիցներից շատերը, Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանել Հայաստան։
Մրցույթի կազմակերպիչները Sputnik Արմենիային հայտնել էին, որ հրավիրվել են նաև 2006 թվականին հաղթած Ռուսաստանի մասնակիցներ Անաստասիա և Մարիա Տոլմաչևաները, սակայն նրանց տնօրեն Սերգեյ Մասլովն ասել էր, որ հրավեր չեն ստացել։