Շատ լավ է, որ Շանհայան կազմակերպության և ԱՊՀ–ի միջև ստորագրվել է կոմյունիկե, հետևաբար Հայաստանը պետք է ավելի խորացնի համագործակցությունը, նրա ներկայացուցիչները պետք է մասնակցեն գագաթաժողովներին հատկապես ռազմական փոխգործակցության նոր եզրեր գտնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մհեր Սահակյանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համատեղ կոմյունիկե են ստորագրել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքների շուրջ:
«Հայաստանի համար կարևոր է իր հարաբերությունները պահպանել և զարգացնել ՀԱՊԿ–ի դաշնակիցների, գլխավորապես հիմնական դաշնակից ՌԴ–ի հետ` փորձելով նաև ուղիներ գտնել ռազմական փոխգործակցությունը զարգացնելու ՇՀԿ–ում ընդգրկված երկրների հետ»– ասաց Սահակյանը։
Նա վկայակոչեց վերջերս ակտիվացած հայ–հնդկական համագործակցությունը ռազմական ոլորտում, թեև հիշեցրեց, որ Հնդկաստանն իր ռազմարդյունաբերությունը զարգացրել է հենց Ռուսաստանի օգնությամբ և հնդկական զինատեսակները, ըստ էության, ռուսական զենքերի պատճենն են։ Հայաստանը, ըստ Սահակյանի, պետք է հատկապես անօդաչուների և ռոբոտացված սարքերի ձեռքբերման հարցում սերտորեն համագործակցի Չինաստանի հետ։
«Ռուսաստանն էլ շահագրգռված է, որ իր դաշնակիցներն առավելագույն չափով ինտեգրվեն վերոհիշյալ ձևաչափին, առավել ևս որ ՌԴ–ն ու Չինաստանը գործուն քայլեր են կատարում միասնական արևելյան բևեռ ստեղծելու ճանապարհին, նրանք երկուսն էլ իրենց դաշնակիցներին ու ռազմավարական գործընկերներին բերում են դեպի տվյալ հարթակ` ավելի մեծացնելով նրա կշիռը»,– ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի դիտարկմամբ` Արևմուտքը փորձում է ցույց տալ, թե որքան վատ կառույցներ են ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն, բայց փոխարենը ոչինչ չի առաջարկում այդ կառուցներում ընդգրկված պետություններին։ Կյանքը ցույց է տալիս, որ արևմտյան կառույցներում, ինչպիսիք են ՆԱՏՕ–ն ու ԵՄ–ն, ո՛չ Ռուսաստանին են սպասում, ո՛չ էլ Հայաստանին, ինչը պետք է շատ լավ գիտակցեն նրանք, ովքեր Հայաստանում քննադատում են ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն` առանց հասկանալու, որ ՀՀ–ն շուրջ 30 տարի անդամակցում է այդ կառույցներին և, ըստ էության, այլընտրանք չունի։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: