Հայկական 5 րոպեն, «կիրակնօրյակներն» ու փրկված կենդանիները. ռուսների կյանքը Դիլիջանում

Դիլիջանում բնակվող ռուսները
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում այս պահին 75.000 ռուս ռելոկանտ կա։ Նրանցից շատերը մայրաքաղաքի թոհուբոհից հեռու, նախընտրելով բնությունն ու մաքուր օդը, բնակություն են հաստատել Դիլիջանում։ Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել է Դիլիջան։
Sputnik
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արդեն մի քանի ամիս է՝ կյանքի տեմպը կարծես փոխվել է։ Սրճարաններում ու այգիներում եռուզեռը սովորականից մի քանի անգամ շատ է։ Դիլիջանի սլավոնական արտաքինով բնակիչներն են քաղաքի համար անսովոր ակտիվության պատճառը։
Փոքր քաղաքում ռուսներն իրար արագ գտան։ Մեկը մյուսին օգնելով, խորհուրդներ տալով ծաոթացան, ու ինքնաբերաբար Դիլիջանում ռուսական համայնք ստեղծվեց: Մոտ 200 ռուս բնակիչ արդեն ակտիվորեն մասնակցում են քաղաքային կյանքին, ավելին` ամեն ինչ անում են, որ այն ավելի հետաքրքիր, նորարար ու ժամանցային դառնա։
Նադյա Տոլմարովա
Նադյա Տոլմարովան Կրասնոդարից Դիլիջան է եկել ամուսնու ու որդու հետ։ Վստահեցնում է` ինտեգրվելու խնդիր ոչ մի վայրկյան չեն ունեցել։ Շուրջբոլորը խոսում ու հասկանում են ռուսերեն։ Այդ է պատճառը որ մինչև հիմա «Բարև ձեզից» բացի` ոչ մի ուրիշ բան հայերեն չգիտեն։
Հետո ժպտալով հավելում է, որ դա միայն ժամանակի հարց է, չէ՞ որ հայկական մանկապարտեզ գնացող նրա փոքրիկ տղան արդեն վարժ տիրապետում է հայերենին ու «դասեր անցկացնում» ծնողների հետ։
«Այստեղ մենք ավելի դանդաղ ռիթմով ենք ապրում, բայց ավելի թարմ օդ ենք շնչում։ Մենք ավելի շատ բան գտանք Դիլիջանում, քան կորցրեցինք։ Ես պարզապես ապշած եմ տեղի բնակիչների հյուրընկալությամբ։ Մենք սկզբում անգամ չէինք հավատում նրանց անկեղծությանը, բայց հետո հասկացանք, որ դա ազգային գիծ է, նրանք ընդունում են մարդուն որպես անձ, այլ ոչ թե ազգությամբ։ Եթե դու լավ մարդ ես, հայերի համար միևնույնն է` ինչ գույնի է քո անձնագիրը»,– ասում է Նադյան։
Այնուամենայնիվ` օտար ու բոլորովին անծանոթ երկրում նորեկների համար կենցաղային բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Մեկը մյուսի հոգսը թեթևացնելու համար դիլիջանաբնակ ռուսները որոշեցին բոլոր խնդիրները լուծել միասնական ուժերով։
Ելենա Երֆիլովա
«Երբ եկա այստեղ, տեսա, որ մարդիկ մի փոքր իրար են խառնված` եկել են օտար երկիր ու շատ հարցերում չգիտեն` ո՞ւմ դիմել, ի՞նչ անել։ Ես որոշեցի համակարգել ռուսական համայնքը, բացեցի տարբեր տելեգրամյան խմբեր, որտեղ բոլորը սկսեցին գրել, թե ինչ խնդիր ունեն, ինչի կարիք ունեն առհասարակ։ Դրանք ոչ միայն անձնական, այլ նաև քաղաքին վերաբերող տարբեր հարցեր էին»,– պատմում է Նովոսիբիրսկից Դիլիջան տեղափոխված Ելենա Երֆիլովան, որը ռուսական համայնքը համախմբողներից է։
Այս հարցում նրան ամենից շատ օգնում է Ալեքսանդրա Պոպկովան։ Նա Դիլիջան է եկել ամուսնու ու կատվի հետ։ Կենդանասեր Սաշան ակտիվորեն զբաղվում է նաևԴիլիջանի անտուն կենդանիների հարցով։ Նրա շնորհիվ բազմաթիվ ընտանի կենդանիներ բուժվել ու անգամ որդեգրվել են։
Ալեքսանդրա Պոպկովա
«Մենք ստեղծեցինք «Դիլիջան Care» տելեգրամյան խումբը, համախմբվեցինք, անգամ գումար հավաքեցինք ու անտուն, հիվանդ կամ վիրավոր ընտանի կենդանիների հարցը լուծեցինք։ Հետո հասկացանք, որ կարող ենք ավելին անել։ Մի անգամ էլ հայտարարություն տարածեցինք, որ հավաքվում ենք` քաղաքը աղբից մաքրելու համար։ Արդյունքը հիասքանչ էր։ Հիմա արդեն ամիսը երկու անգամ ` կիրակի օրերին, մաքրում ենք քաղաքը։ Մեր այդ օրն էլ անվանում ենք «կիրակնօրյակ»»,– պատմում է Ալեքսանդրան Պոպկովան։
Խմբի ակտիվ անդամներից մեկն էլ երաժիշտ Վլադիմիր Սեմյոնովն է, կամ ինչպես բոլորն են նրան ճանաչում ` Վոլֆը։ Նա Դիլիջանի ռուսական համայնքում մշակութային միջոցառումների պատասխանատուներից մեկն է։ Արդեն մի քանի տասնյակ համերգներ ու միջոցառումներ է կազմակերպել։
«Այստեղ օտարություն չեմ զգացել, ռուսաֆոբիան իսպառ բացակայում է։ Շատ ընկերներ ունեմ, որ ապրում են Թբիլիսիում, նրանք ասում են, որ երբեմն բախվում են այդ խնդրի հետ։ Ես նման խնդիր չեմ ունեցել Հայաստանում։ Միայն չէի կարողանում համակերպվել կյանքի դանդաղ ռիթմի հետ։ Մենք անգամ կատակ ունենք հայկական 5 րոպեի մասին, որը միշտ վերածվում է 1 կամ 2 ժամի։ Բայց քանի որ դա այս երկրի առանձնահատկություններից է, ես հարմարվել եմ ու հանգիստ ապրում եմ այստեղ»,– պատմում է երաժիշտը։
Վլադիմիր Սեմյոնով
Արդեն մի քանի ամիս է՝ Դիլիջանի գողտրիկ անկյունում մի գինետուն կա։ Քաղաքին նոր շունչ ու նոր համ փոխանցելու համար դիլիջանաբնակ Եվգենին ու իր կինն են բացել։ Ասում է` մառախլապատ Մոսկվայից հետո արևոտ Դիլիջանը կարծես նոր կյանքի սկիզբ լիներ իրենց ընտանիքի համար։
«Հայաստանում բազմաթիվ գինիների տեսակներ կան` մեկը մյուսից լավը, բայց Դիլիջանում շատ մարդիկ անգամ չգիտեն դրա մասին, քանի որ այստեղ ոչ մի գինետուն չկա։ Մենք որոշեցինք Հայաստանի գինիների հարուստ տեսականին բերել այստեղ, որ դիլիջանցիներն էլ վայելեն այս հիասքանչ համերը»,– ասում է Եվգենի Օսիպովը։
1 / 6

Եվգենի Օսիպով

2 / 6

Նադյա Տոլմարովա

3 / 6

Ռուսները Դիլիջանում

4 / 6

Ռուսները Դիլիջանում

5 / 6

Եվգենի Օսիպով

6 / 6

Ռուսները Դիլիջանում

Դիլիջանի նոր բնակիչները վստահեցնում են, որ այսպես միահամուռ, միմյանց հոգսը կիսելով՝ կյանքը օտար երկրում մի քանի անգամ դյուրին է դառնում։ Կենցաղային մանր–մունր հարցերը լուծելը խնդիր չէ։ Առավել կարևոր է, որ Հայաստանում ջերմ է, հանգիստ ու ապահով։