ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում պարեկները կանխել են բանկոմատի թալանումը, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ պարեկներ Գրիգոր Դեխտիկյանն ու Արթուր Մարկոսյանը ծառայություն են իրականացրել, երբ Տիչինա 29/3 հասցեում գործող խանութներից մեկի բանկոմատի մոտ նկատել են 2 կասկածելի քաղաքացու։
Պարեկները մոտեցել են, փորձել պարզել դիմակավորված անձանց ինքնությունը, սակայն վերջիններս դիմել են փախուստի։
«Դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա պարեկներին հաջողվում է նրանցից մեկին վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին»,–գրում է կայքը։
Պարզվել է, որ նրանք երկաթյա լինգով, երկաթ կտրելու համար նախատեսված հատուկ մկրատներով բացել են սուպերմարկետի մոտ տեղադրված բանկոմատներից մեկի երկաթե պաշտպանիչ հատվածը ու փորձել այնտեղից գումար հափշտակել։
Սակայն պարեկների գործողությունների շնորհիվ հանցագործությունը կանխվել է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ դեպքի վայրից փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։