Երբ կավարտվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը. նախարարությունը պարզաբանում է

Հայաստանը 260 մլն դոլար է ծախսել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ընդհանուր երկարության 5-6 տոկոսը կազմող հատվածների կառուցման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի պատմության մեջ խոշորագույն ավտոմոբիլային ճանապարհի կառուցման նախագիծը, որը երկրի հյուսիսը կապում է հարավին, մոտավոր հաշվարկներով կարող է ավարտվել 2030 թվականին: Բայց այն վերապահումով, եթե շինարարական աշխատանքները սկսվեն և ավարտվեն ժամանակին։ Նման եզրակացության կարելի է հանգել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Sputnik Արմենիայի հարցմանը տրված պատասխանից։
Այսպիսով, եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա արդեն 2023 թվականի ամռանը Հայաստանը կսկսի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Խոսքը Տրանշ-4-ի շրջանակներում կառուցվող 32 կիլոմետրանոց հատվածի մասին է։ Մայրուղին սկսվում է խոշորացված Ագարակ համայնքից, անցնում է Վարդանիձոր գյուղով և տանում է դեպի Քաջարանի թունելի ելքը։
Վերակառուցումից հետո մայրուղին կհամապատասխանի II-րդ տեխնիկական դասին (երկու գոտի - խմբ.), բաղկացած կլինի 18 կամրջից և 3 թունելից (ամենաերկարը՝ 7,5 կմ - խմբ.)՝ 80 կմ/ժ թույլատրելի արագությամբ: Բեռնատարների համար նախատեսվում է առանձին գոտի հատկացնել, ինչը կհեշտացնի բեռնափոխադրումը:
Տարածքային կառավարման նախարարության հաշվարկներով` մայրուղու կառուցման համար երեք տարի կպահանջվի։ Այսպիսով, եթե աշխատանքները ժամանակին սկսվեն, ապա ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև 2026 թվականի աշուն։
Ներկայումս նախարարությունը բանակցություններ է վարում նույն տրանշի շրջանակներում Քաջարանի թունելի (երկարությունը7,2 կմ) և կամրջին մոտեցող ճանապարհների (մոտ 4 կմ) կառուցման ֆինանսավորման շուրջ: Իրանի սահմանից մինչև Քաջարան (Սիսիանը ներառյալ) 60 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհը ամենաբարդն է համարվում «Հյուսիս-Հարավ» նախագծում։ Այն ներառում է 27 կամուրջ (ընդհանուր երկարությունը՝ 4,7 կմ) և 9 թունել (ընդհանուր երկարությունը՝ 12,5 կմ)։ Գերատեսչությունում կարծում են, որ այն կարելի է կառուցել վեց տարում։
Նախարարությունից հարցմանն ի պատասխան նշել են նաև, որ ակտիվ շինարարություն է իրականացվում Տրանշ-3-ի շրջանակներում (Թալին-Լանջիկ՝ 18,7 կմ, Լանջիկ-Գյումրի՝ 27,5 կմ, ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 46,2 կմ): Թալին-Գյումրի 41,7 կմ երկարությամբ ճանապարհը նախատեսվում է կառուցել մինչև 2024 թվականի ավարտը։
Ներկայումս աշխատանքներ են ընթանում նաև Տրանշ 2-ի իրականացման ուղղությամբ: Այն ենթադրում է Աշտարակ-Թալին (Արագածոտնի մարզ) 42 կիլոմետրանոց մայրուղու կառուցում։ Առաջին մասը 34 կիլոմետրանոց հատվածի կառուցումն է, երկրորդ մասը՝ «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող 8 կմ ճանապարհի կառուցումը։ Գերատեսչությունում հաշվարկել են, որ նախագծի իրականացման համար 18 ամիս կպահանջվի։
Աշտարակից դեպի հյուսիս ճանապարհի կառուցման համար (8 կիլոմետրանոց հատված դեպի Թալին) կառուցապատողն արդեն ընտրված է, նա պատրաստվում է աշխատանքի անցնել։ 34-կիլոմետրանոց հատվածի շինարարության հարցը բարդ է իսպանական Corsan Corviam ընկերության հետ դատական գործընթացների պատճառով, որը շինարարությունն ավարտին չի հասցրել և դիմել է սնանկ ճանաչվելու համար։ Ինչ վերաբերում է վերջին՝ 5-րդ տրանշին, ապա Գյումրի քաղաքը շրջանցող և Բավրա տանող 60 կիլոմետրանոց ճանապարհը կկառուցվի 4 տարում։
«Հյուսիս–Հարավը» կփոխի համաշխարհային լոգիստիկան
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ»-ը անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ` գործող ճանապարհների ընդլայնումով) Իրանից մինչև վրացական սահման հեռավորությունը 550 կմ-ից կկրճատի մինչև 490 կմ և կհեշտացնի դեպի Սև ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։