ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բառեր չեմ գտնում նկարագրելու համար, թե ինչ եմ զգում, ուղղակի անսահման երջանիկ եմ, «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի ավարտից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց առաջին տեղը գրաված Լիսանդրոն (Ֆրանսիա)։
«Ես այնքան հպարտ եմ իմ թիմով, հպարտ եմ այս վստահության համար։ Իմ թիմն իմ ընտանիքն է։ Շնորհակալ եմ իմ ծնողներին, իմ ընկերներին, այն մարդկանց, ովքեր հավատացին ինձ։ Ես չէի պատկերացնում, որ կհայտնվեմ առաջին հորիզոնականում, բայց ուզում էի հաղթել մրցույթը»,–ասաց նա։
Լիսանդրոն մամուլի ասուլիսի ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Ֆրանսիացի լրագրողը խնդրեց Լիսանդրոնին անկեղծ պատասխանել, թե քանի կգ հայկական լավաշ է պատրաստվում իր հետ Ֆրանսիա տանել, երգիչը ժպիտով պատասխանեց, որ շատ–շատ։ «Երբ ինձ հարցրին , թե ինչ եմ տանելու ինձ հետ Հայաստանից, ես ասացի` երկու բան, լավաշ և իհարկե մրցանակը»,–ասաց նա։
Հավելենք, որ Լիսանդրոն տասներեք տարեկան է, Ֆրանսիայի հյուսիս-արևելյան մասում գտնվող փոքրիկ գյուղից, իր խոսքով՝ կիսով չափ իտալացի։ Նա սիրում է տարատեսակ երաժշտություն և երգում է հինգ լեզուներով։ Տղան սիրում է ռոքնռոլը, իսկ նրա սիրելի արտիստը Էլվիս Փրեսլին է։
«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեն («DANCE») 180 միավորով գրավեց 2-րդ տեղը։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան «I Believe» երգով։