Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին` Արցախում հանքեր այցելելու արգելքի պատճառով

Ադրբեջանի ԱԳՆ
Բաքուն ռուսական կողմին կոչ է արել ադրբեջանցի մասնագետների համար անարգել հասանելիություն ապահովել հանքավայրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր այցելելու ռուս խաղաղապահների արգելքի պատճառով: Դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը մտադիր էր հանքավայրեր այցելել մոնիթորինգ անցկացնելու մասին նամակի հիման վրա, որն ուղարկվել էր խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, սակայն շրջայցը դադարեցվել էր:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԱԳՆ-ն ռուսական կողմին կոչ է արել հանքավայրերի անարգել հասանելիություն ապահովել ադրբեջանցի մասնագետների համար, մատնանշելով այդ ուղևորությանը խոչընդոտելու կամ որևէ պայման դնելու անթույլատրելիությունը: Բաքուն պնդում է, որ ռուս խաղաղապահները պետք է խստորեն պահպանեն Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը մտադիր էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր` Մարտակերտի շրջանի հանքավայրերում մոնիթորինգ անցկացնելու վերաբերյալ նամակի հիման վրա, որը նախապես ուղարկվել էր խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Խաղաղապահ զորքերի հրամանատարությունը թույլատրել էր վերոնշյալ հանքավայրերի մեկանգամյա տեսողական զննումը։ Հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցներն ու հարակից բնակավայրերի բնակիչներն ինքնաբուխ արգելափակել էին վերոնշյալ խմբի մուտքը հանքավայրերի տարածք։ Որոշում էր կայացվել դադարեցնել հանքավայրերի պլանային շրջայցը և հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։