Թուրքիան շատ առաջարկներ ունի. Կլաարը` Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին

Չավուշօղլուն ու Կլաարը
Տոյվո Կլաարը կարճատև զրույց է ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ պաշտոնական Անկարան շատ բան կարող է առաջարկել Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու համար։ Նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հավատացե՛ք` Թուրքիան շատ բան կարող է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանը աջակցելու համար», - գրել է Կլաարը:
Նա նաև հայտնել է, որ շփվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել դեկտեմբերի 8-ին։ Երևանում նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրանք Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, արցախահայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։