ՌԴ–ի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են ռուսական ագրոարտադրանքի հարցը

Նավահանգիստ
Ստամբուլում ռուս-թուրքական քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն ու նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են ռուսական ագրոարտադրանքի՝ շուկա անարգել դուրս գալու հարցը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«2022 թվականի դեկտեմբերի 8-9-ը Ստամբուլում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Խորհրդակցությունների ընթացքում, երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել են ՄԱԿ-ի բարեփոխման, հացահատիկի վերաբերյալ Ստամբուլյան համաձայնագրի իրականացման, Ուկրաինայի, Սիրիայի իրադրության ու ՄԱԿ-ի անդրսահմանային հումանիտար օգնության մեխանիզմի, Լիբիայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրական ծովի արևելյան հատվածին վերաբերող հարցեր», - մանրամասնել է գերատեսչությունը։
Ստամբուլյան համաձայնագրի իրականացման համատեքստում կարևորվել է նախաձեռնության շարունակությունը, քանի որ դրա շնորհիվ այսօրվա դրությամբ հնարավոր է եղել Սև ծովով ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ ուղարկել համաշխարհային շուկաներ, ինչպես նաև հեշտացնել ռուսական հացահատիկի ու պարարտանյութերի արտահանումը:
Լավրովը Գուտերեշի հետ քննարկել է պարենային գործարքի ամբողջական կատարման հարցը
Հացահատիկային գործարքը, որն այս տարվա հուլիսի 22-ին ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:
Պայմանագրի ժամկետը լրանում էր նոյեմբերի 18-ին, բայց կարող էր մեխանիկորեն երկարաձգվել 120 օրով, եթե կողմերից որևէ մեկն առարկություններ չներկայացներ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ որևէ առարկություն չի եղել, և ռուսական կողմը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը՝ առանց ժամկետների և ծավալի որևէ փոփոխության: