ՀՀ–ում բանկի կառավարիչը շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը կալանավորվել է։ Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը 2 քաղաքացուց ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության հանգամանքները:
Բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը, հանդիսանալով ՀՀ–ում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ:
28-ամյա երիտասարդը խարդախությամբ տիրացել է ՌԴ քաղաքացու 660 000 դրամին
Մարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28.901.500 ՀՀ դրամ, մյուսը՝ ընդհանուր 21.694.520 ՀՀ դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:
Դատավորի օգնականը դատապարտյալից 300.000 դրամ է հափշտակել. նրան մեղադրանք է առաջադրվել