Ձմեռն առանց ռուսական գազի բարդ կլինի արևմտյան երկրների համար. Ջոնսոն

Բորիս Ջոնսոնի կարծիքով՝ հաջորդ ձմեռը կարող է ավելի դժվար լինել եվրոպական մի շարք երկրների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ առանց ռուսական գազի ձմեռը շատ բարդ կլինի այդ էներգառեսուրսից կախված երկրների համար։ Նա այդ մասին գրել է «Wall Street Journal»-ի համար նախատեսված հոդվածում։
«Նրանց համար, ովքեր կախված են ռուսական գազի մատակարարումներից, այս ձմեռը շատ բարդ կլինի, սակայն պահեստարանները գազով լցնելու ապշեցուցիչ կազմակերպչական ջանքերի շնորհիվ մենք կհաղթահարենք այն։ Ավելի մեծ խնդիր է 2023-24 թվականների ձմեռը, երբ այդ պաշարները կնվազեն, և ավելի դժվար կլինի լրացնել դրանք: Նոր հեղուկացված բնական գազի տերմինալները դեռ չեն աշխատի», - նշել է Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը նշել է, որ Ուկրաինային ավելի մեծ աջակցություն ցուցաբերելը կարող է «ցավոտ» լինել միջոցների հատկացման ժամանակ, սակայն, այնուամենայնիվ, կոչ է արել շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին ու նույնիսկ ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը։
«Գազպրոմի» ղեկավարը Էրդողանի հետ քննարկել է գազային հանգույց ստեղծելու նախագիծը
Հիշեցնենք` Արևմուտքը Ուկրաինայի պատճառով ուժեղացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։