ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արևմուտքի երկրները համառորեն ձգտում են սեպ խրել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության ձևաչափերի մեջ։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Որքան էլ Բրյուսելում և Վաշինգտոնում փորձեն այլ բան ներկայացնել, մեկ է` դրա հետևում կանգնած է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունը, ոչ թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը իրապես և անկեղծորեն օգնելու մտադրությունը։ Հատկանշական է, որ Վաշինգտոնում և Բրյուսելում վախենում են անգամ դրական առումով հիշատակել Ռուսաստանին և ընդունել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար եռակողմ պայմանավորվածությունների առանցքային նշանակությունը»,– ասել է նա։
Գոնչարի խոսքով` Ռուսաստանն այդ համատեքստում է ընկալում նաև Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիտորինգային առաքելության գործունեությունը, ինչպես նաև ԵԱՀԿ առաքելությանը տարածաշրջան ուղարկելու փորձերը` շրջանցելով կոնսենսուսի կանոնը։ Գոնչարը նշել է, որ հենց ՌԴ խաղաղապահների հրամանատարության ջանքերի շնորհիվ է սեպտեմբերին հաջողվել կասեցնել հայ–ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածության սրացումը։
«Հայկական կողմի խնդրանքով ՀԱՊԿ–ի գծով նույնպես օպերատիվ քայլեր էին ձեռնարկվել` ներառյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) արտահերթ նստաշրջանի գումարումը, կազմակերպության գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի գործուղումը` իրավիճակը տեղում գնահատելու համար, Հայաստանի սահմանամերձ շրջաններ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկման մշակումը։ Սահմանին տիրող իրավիճակը մանրամասն քննարկվել է ՀԱՊԿ ՀԱԽ ամենամյա նիստի ժամանակ (նոյեմբերի 23-ին Երևանում)»,– հավելել է նա։
Գոնչարը շեշտել է, որ հայկական կողմի շահագրգռվածության դեպքում տարածաշրջան ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ անհրաժեշտ որոշումները նույնպես օպերատիվ կերպով կընդունվեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։