ՇՀԿ և ԱՊՀ երկրները կամրապնդեն ռազմական կապերը. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն
ՇՀԿ-ն և ԱՊՀ անդամ երկրները նույնպես կմիավորեն ուժերը՝ կանխելու կենսաբանական սպառնալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները պլանավորում են մեծացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կազմակերպությունների գործընկերների հետ հանդիպումից հետո։
«Ընդգծվել է ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ռազմական համագործակցության, փոխվստահության ամրապնդման և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Ռուս նախարարը նաև նշել է, որ հանդիպման մասնակիցները նպատակահարմար են համարել կատարելագործել անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստության կանոնավոր միջոցառումներ իրականացնել՝ միջազգային ահաբեկիչների կողմից նոր մարտավարությանը հակազդելու ուղիների մշակմամբ։
Բացի այդ, ՇՀԿ և ԱՊՀ անդամ երկրները կմիավորեն ուժերը՝ կանխելու կենսաբանական սպառնալիքները։
Շոյգուի խոսքով՝ հանդիպման մասնակիցները խստորեն դատապարտել են նացիզմը, ֆաշիզմն ու միլիտարիզմը վերականգնելու և փառաբանելու, պատմությունը կեղծելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառներն ու արդյունքները վերանայելու ցանկացած փորձ։
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նաև դեմ են արտահայտվել նախկին արմատական, անմարդկային և ծայրահեղական գաղափարախոսությունների վերածնունդին, որոնք կարող են աշխարհը կրկին աղետի հասցնել:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդլայնված կազմով հանդիպումները՝ քննարկելու միջազգային անվտանգության խնդիրները և բարելավելու համագործակցությունը ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայացել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որին տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն։
Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։