ՌԴ–ն շարունակում է մնալ ՀՀ–ի առաջատար առևտրային գործընկերը. Պուտինը` Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 67 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։ Այս մասին Բիշքեկում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
ՌԴ նախագահի խոսքով` Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։

«Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է նաև Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողներից մեկը. ներդրումները կազմում են մոտ 40%»,– ասել է նա։

Պուտինը հավելել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմել է 67%։ Երկրի ղեկավարը սա համարել է լուրջ և դրական ցուցանիշ։ Նրա խոսքով` այնուամենայնիվ, հարցեր միշտ լինում են, և ինքը ուրախ է հանդիպելու հնարավորության համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառության աճն իրոք տպավորիչ է։ Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ մեխանիզմների լավացմամբ կհաջողվի պահպանել դինամիկան։ Խոսելով այսօր կայացած ԵԱՏՄ նիստի մասին` Փաշինյանն ասել է, որ այն բավական կառուցողական էր։
«Փաստացի մի քանի տնտեսական հարցեր քննարկեցինք ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով»,– նշել է նա։
Նշենք, որ հունվար-հոկտեմբերին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 3,8 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 2,34 մլրդ դոլար։
Հիշեցնենք` Պուտին—Փաշինյան հանդիպումը կայացել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։