ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթներին անցնելու աշխատանքների արագացման մասին։ Այս մասին նա ասել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
«Փոխադարձ բեռնափոխադրումների ծավալն աճում է, ինչին մեծապես նպաստում է երկրների միջև լրացուցիչ մաքսակետերի կազմակերպումը»,- ասել է Պուտինը։
Երկրի ղեկավարը հայտնել է նաև, որ կազմակերպության շրջանակներում իրականացվում են մի շարք ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծեր՝ ուղղված Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ հիմնական տրանսպորտային միջանցքների ստեղծմանը և արդյունավետ օգտագործմանը։ Շատ երկրներ ցանկություն են հայտնել միանալու այդ նախագծերին։
Խոսելով ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների մասին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը առևտրային հաշվարկներում արդեն հեռացել են դոլարից, ու կարևոր է, որ մյուս երկրները ևս միանան այդ գործընթացին։
Լուկաշենկոն նաև կարևորել է ԵԱՏՄ երկրների, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԲՐԻԿՍ-ի համատեղ գագաթնաժողով անցկացնելու գաղափարը, չբացառելով, որ դրան կարող են մասնակցել նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրները։ Նման գագաթնաժողովի հիմնական խնդիրները, նրա խոսքով, կարող են լինել տարածաշրջանային առևտրային միավորների ձևավորումը և առևտրում ազգային արժույթների օգտագործումը։