«Պատիվ ունեմ» խմբակցությունում ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկելու որոշում չի եղել. Մամիջանյան

Հայկ Մամիջանյան
Մամիջանյանը վստահեցրեց` եթե ինքը բարձրաձայնի իր քվեարկության փաստն ու մանրամասները, ապա դրանով կբացահայտի մյուս գործընկերների քվեարկությունը, ինչը հակասում է գաղտնի քվեարկությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին ընտրելու հարցում «Պատիվ ունեմ» խմբակցության որոշում չի եղել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն էր։
«Քվեարկության հարցում «Պատիվ ունեմ» խմբակցության որոշում չի եղել, այն ազատ է եղել պատգամավորների կողմից»,– ասաց Մամիջանյանը։
Հարցին, թե ինչու ՔՊ–ական թեկնածուին դեմ քվեարկելու քաղաքական որոշում չի կայացվել, պատգամավորը նշեց, որ ցանկացած քվեարկություն ունի իր խորը դրդապատճառները, ինչն ինքը մանրամասնել չի կարող։ Մամիջանյանը վստահեցրեց` եթե ինքը բարձրաձայնի իր քվեարկության փաստն ու մանրամասները, ապա դրանով կբացահայտի մյուս գործընկերների քվեարկությունը, ինչը հակասում է գաղտնի քվեարկությանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդյոք տեղյակ է եղել որոշման մասին, պատգամավորը շեշտեց, որ դրանք արդեն աշխատանքային քննարկմանը վերաբերող հարցեր են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ–ում գաղտնի քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։ Նա փոխարինելու եկավ ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանին։
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է անցկացրել. այն վարել է Նիկոլ Փաշինյանը