Մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ ԶՈւ ներուժի բարձրացմանը. Շոյգուն` Պապիկյանի հետ հանդիպմանը

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու նախարարությունների միջև 2023թ.-ի համագործակցության ծրագիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի զինված ուժերի ներուժի բարձրացմանն ուղղված աջակցությանը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ գործընկերոջ` Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստի շրջանակում:
«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և մեր առանցքային ռազմավարական գործընկերը Անդրկովկասում։ Մենք խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում կայունություն պահպանելու հարցում և դրա համար առավելագույն ջանքեր ենք գործադրում։ Հատուկ կարևորություն ենք տալիս երկկողմ համագործակցության զարգացմանը և Հայաստանի զինված ուժերի ներուժի բարձրացման գործում աջակցության ցուցաբերմանը»,- ասել Է Շոյգուն:
Հանդիպմանը ՊՆ ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2023 թվականի համագործակցության ծրագիրը։
Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանդիպումն է։
«Մենք բարձր ենք գնահատում կայացած գագաթնաժողովի կազմակերպման ձեր նախաձեռնությունն ու ջանքերը։ Դեկտեմբերը ամփոփելու և ապագայի ծրագրերն իմաստավորելու ժամանակ է», -ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի արդյունքում համատեղ հայտարարություն է ստորագրվել։
ՇՀԿ և ԱՊՀ երկրները կամրապնդեն ռազմական կապերը. Շոյգու