ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ ՅՈւՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող 15-ամյա Մալենային (Արփինե Մարտոյանին):
Մալենան նոյեմբերի 18-20-ը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխայի իրավունքների հարցերով հասարակական խորհրդի աշխատանքներին։
Խորհրդի երիտասարդ անդամների հետ նա մասնակցել է մի շարք դասընթացների՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, երեխայի իրավունքների խնդիրների ուսումնասիրությանը, հոգեկան առողջությանը, համոզիչ հաղորդակցությանը: Նա նաև ծանոթացել է այն խնդիրներին, որոնց Հայաստանում առնչվում են երեխաներն ու երիտասարդները:
«Այս տարի ես շատ ոգեշնչված եմ. արդեն հասցրել եմ հանդիպել երիտասարդների, որոնք այնքան բան գիտեն կլիմայի փոփոխության մասին, երիտասարդների, որոնք իրենց առօրյա դասերի հետ համատեղ կարողացել են թիմ կազմել, վերհանել համայնքի խնդիրներից մեկը, նախագիծ գրել՝ լուծելու այդ խնդիրը՝ բարելավելով համայնքային կյանքը», - նշել է Մալենան:
Նա ընդգծել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն իրեն հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելին իմանալու նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին:
«Որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտահոգություններն ու խնդիրները և երեխաների ու երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնել»,– ասել է նա:
ՅՈւՆԻՍԵՖ-ը դեսպանների հետ համագործակցելու ավելի քան 60 տարվա հաջող փորձ ունի: Կառույցն այժմ աշխատում է գրեթե 400 դեսպանների հետ աշխարհի 103 երկրներում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: Ամբողջ աշխարհում դեսպանները կարևոր դեր են խաղում երեխաների և դեռահասների առջև ծառացած մարտահրավերների վրա լույս սփռելու հարցում:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։