Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի միայն 1 կետի շուրջ

Արմեն Գրիգորյանը խաղաղության պայմանագրի մասին խոսեց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատման կետն է։ Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։
Ռուսաստանը շահագրգռված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. Լավրով
Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։
Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։