«Գազպրոմի» ղեկավարը Էրդողանի հետ քննարկել է գազային հանգույց ստեղծելու նախագիծը

Գազատար
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Անկարայում բանակցություններ է վարել գազի ոլորտում համագործակցության շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է գազի ոլորտում համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է ընկերության Telegram ալիքը։
Նշվում է, որ բանակցություններին մասնակցել է նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք սպառողներին ռուսական գազի մատակարարման հետ կապված հարցեր, ինչպես նաև Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել գազային հանգույցի ստեղծումը, որով ՌԴ–ն կկարողանա «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։