ԵԱԶԲ-ն նախատեսում է տարեկան 100 մլն դոլար ներդնել ՀՀ–ում. բանկի խորհրդի նախագահի տեղակալ

ԵԱԶԲ
Ի սկզբանե նախատեսվում էր 2022-2026 թվականներին շուրջ 180 մլն դոլարի ներդրում կատարել, սակայն այս ցուցանիշն ամենայն հավանականությամբ կգերազանցվի արդեն 2023 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է տարեկան շուրջ 100 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլյինը` հիշեցնելով, որ նախապես որոշված էր բանկի 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակում 180 մլն դոլարի ներդրում կատարել։ Բայց գումարը վերանայվել է։ Իլյինի խոսքով` 5 տարվա համար նախատեսված 180 մլն դոլարի չափը կգերազանցվի արդեն հաջորդ տարի։
«Ռազմավարության իրականացման առաջին տարում մենք շուրջ 100 մլն դոլարի աշխատանք կատարեցինք, ինչը շատ նշանակալից է հանրապետության մասշտաբով և Հայաստանում մեր գործունեության համար, բայց գլխավորը թե՛ Հայաստանի իշխանությանը, թե՛ շուկային ու թե՛ մեր հաճախորդներին երկրի համար կարևոր նախագծերում ներդրումներ անելու մեր պատրաստակամությունը ցույց տալն էր»,- ասաց Իլյինը։
Նրա խոսքով` հաճելի է, որ այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր է դարձել նման ծավալի նախագծեր իրականացնել։ Բայց ավելի կարևոր է, որ այժմ Հայաստանից բանկ է գալիս հարցումների մեծ հոսք՝ թե՛ կառավարությունից, թե՛ մասնավոր հատվածից։
«Կարծում եմ` Հայաստանի համար տարեկան 100 միլիոն դոլարը նորմալ ցուցանիշ է, մենք հանգիստ կարող ենք տարեկան այդքան ներդրումներ անել երկրում։ Նախագծեր կան, որ հետաքրքիր են, և այսօր ինձ թվում է, որ մի տեսակ երկկողմանի ճանապարհ, դուռ ենք բացել։ Հաճախորդները գալիս են մեզ մոտ, և մենք պատրաստ ենք քննարկել բիզնեսն այս տարածաշրջանում»,- նշեց Իլյինը։
Հիշեցնենք, որ 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակում բանկը Հայաստանի համար մշակել է 5-ամյա ռազմավարություն՝ հաշվի առնելով տնտեսական զարգացման առանձնահատկությունները և երկրի կարիքները։ Որպես այս ռազմավարության մաս` 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱԶԲ-ն հավանություն է տվել մի շարք ծրագրերի իրականացմանը (մոտ 180 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումով) այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի աղբյուրներից (ՎԷՍ) փոքրածավալ արտադրությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, գյուղատնտեսությունը, արտադրությունը և վերամշակումը։
«Վերին Լարս», Ամուլսար ու Երևանի մետրո. որտեղ է պատրաստվում ներդնումներ անել ԵԱԶԲ-ն
Ծրագրերի թվում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում 55 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայանների կառուցումը, «Նյու Էներգիա» ՓԲԸ-ի նախագիծը, «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ի էլեկտրաէներգիայի սպառման հաշվիչների նորարարական սարքավորումների կայանի արդիականացումը, կաթնամթերքի և խոզաբուծական ֆերմայի կառուցումը, գյուղատնտեսական տարածքների ընդլայնումն ու «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի ակտիվների արդիականացումը։
ԵԱԶԲ-ն 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում․ Պոդգուզով