ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի, Sputnik. «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի մասնակիցները պետք է կենտրոնացնեն իրենց ողջ ներուժը՝ ցույց տալու իրենց «ես»-ը և երգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Լինը:
«Չգիտեմ` Հայաստանն ինչ հորիզոնական կզբաղեցնի, և, առհասարակ, ոչ միայն Նարեին, այլ բոլոր մասնակցներին ուզում եմ ասել, որ կարևոր չէ, թե ինչ հորիզոնական կզբաղեցնեն, պետք չէ այդ մասին մտածել: Իմ փորձից էլ եմ ասում: Կարծում եմ` մասնակիցները պետք է իրենց մաքսիմալն անեն, և ճիշտ մարդիկ դա կնկատեն ճիշտ ժամանակին»,- ասաց Ռոզան:
Նա ընդգծեց, որ բոլոր մասնակիցները պետք է կենտրոնանան իրենց ելույթի վրա, և եթե լավ երգեն, զգան այն, ինչ անում են, ապա ամեն ինչ հիանալի կլինի:
Նա խորհուրդ տվեց բոլոր երկրների ներկայացուցիչներին մրցույթից միայն լավ հիշողություններ ունենալ, ինչպես ինքն է արել:
Հիշեցնենք` «Մանկական Եվրատեսիլ-2022-ը» անցկացվելու է 2021 թվականի հաղթող երկրում` Հայաստանում։ 2021–ին մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան կատարել էր «Քամի–քամի» երգը։
«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի շոուները Հայաստանում տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եզրափակիչը դեկտեմբերի 11-ին է։ Մեր երկիրը կներկայացնի Նարե Ղազարյանն իր «DANCE» երգով։
Հավելենենք, որ դեկտեմբերի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեծ հանդիսավորությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը, որով ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։