«Բյուջեի համար մի անհանգստացեք». Պուտինը` ռուսական նավթի գների առաստաղ սահմանելու մասին

Նավթահոր. Արխիվային լուսանկար
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է կրճատել նավթի արդյունահանումը, հայտարարել Է նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Եվրամիության կողմից ռուսական նավթի գների համար առաստաղի սահմանումը՝ այդ միջոցառումը համարելով հիմար և չմտածված։ Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի առաջնորդից հետաքրքրվել են, թե ինչպիսին կլինի Մոսկվայի պատասխանը արևմտյան երկրների որոշմանը, և թե ինչպես կանդրադառնա այդ որոշումը Ռուսաստանի բյուջեի վրա:
«Բյուջեի համար մի անհանգստացեք... Բանն այն է, որ նավթի գների սահմանված առաստաղը համապատասխանում է այն գներին, որոնցով մենք այն վաճառում ենք։ Այդ առումով որոշումը մեզ վրա ոչ մի կերպ չի անդրադառնում»,-ասել է նա։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը բազմաթիվ գործընկերների համար զեղչեր է անում, առանձին տեսակներ մի փոքր ավելի թանկ են, քան ներդրված 60 դոլարի առաստաղը, բայց այնուամենայնիվ, կորուստներ չեն լինի: Բայց խնդիրը, նրա խոսքով, իրականում այլ է, և այն վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին։
«Խնդիրը բոլոր արտադրողներին է վերաբերում։ Եթե ինչ-որ մեկը համաձայնի, որ սպառողն է որոշելու գինը, դա կհանգեցնի արդյունաբերության փլուզման։ Սպառողը միշտ ցածր գներ է պահանջելու: Եթե միայն սպառողներին լսենք, ապա արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելը զրոյի կհանգեցնի և կբերի համաշխարհային էներգիայի փլուզման։ Դա հիմար և չհաշվարկված որոշում է»,-հավելել Է Պուտինը։
Ինչ վերաբերում է պատասխան միջոցառումներին, ապա Ռուսաստանը նավթ չի վաճառի այն երկրներին, որոնք նման որոշումներ են կայացնում։ Նախագահը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կնվազեցնի նավթի արդյունահանումը: ՕՊԵԿ+-ի հետ պայմանավորվածություններ կան հայտնի նշաձողի շուրջ, և եթե կարիք լինի, Ռուսաստանը մյուս գործընկերների հետ միասին կմտածի լրացուցիչ քայլերի մասին։
Պեսկովը մեկնաբանել է նավթի առավելագույն գնի մասին ՌԴ երեք պատասխանների տեղեկությունը
Հիշեցնենք, որ Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ից։ Եվրամիությունը դադարում է ընդունել ծովով տեղափոխվող ռուսական նավթը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և Եվրամիությունը սահմանափակում են սահմանում դրա ծովային փոխադրումների գների համար` մեկ բարելի դիմաց 60 դոլար։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, մեկնաբանելով որոշումն ու առաջիկա էմբարգոն, ասել էր, որ Ռուսաստանը չի ընդունի նավթի գների առաստաղը, եթե անգամ ստիպված լինի կրճատել արդյունահանումը: Նա հավելել է, որ նման սահմանափակումները միջամտություն են շուկայական գործիքներին, Ռուսաստանը պատրաստ է աշխատել միայն այն սպառողների հետ, որոնք կաշխատեն շուկայական պայմաններով: