ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը

Վարչապետի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ 65 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ ներքին գործերի նախարարություն ստեղծելու օրենքի նախագիծը։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Սա պարզապես հերթական նախարարության ստեղծումը չէ: Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում»,- ասաց փոխնախարարը։
Նշենք, որ ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:
Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ վարչապետի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից:
«Այս նախարարությունը կլինի այն պաշտպանող միջավայրը, որը թույլ կտա ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն: Ակնկալում ենք ունենալ մեր քաղաքացիներին ծառայող և բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն»,- նշեց նա։
Փոխնախարարը նշեց նաև, որ նախատեսվում է նախարարության ենթակայության ներքո ունենալ առանձին ակադեմիա, որը պատասխանատու կլինի կադրերի որակի համար, կիրականացնի համապատասխան ուսուցում: