Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է. Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Արխիվային լուսանկար
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ և անդրադարձել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության ու սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
Ընդգծելով Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ՝ Միրզոյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել: