ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային առաջիկայում 275 միլիոն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ շուտով Ուկրաինային 275 մլն դոլարի չափով պաշտպանական օգնության նոր փաթեթ կուղարկվի», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ այն կներառի «նոր հնարավորություններ՝ ամրապնդելու պաշտպանական կարողությունները և հակազդելու սպառնալիքներին», ներառյալ անօդաչու սարքերի հարձակումներին։ Նրա խոսքով` օգնության նոր փաթեթը կներառի նաև հրետանային արկեր։
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ հայտարարել էր, որ Կիև ուղարկվող լայնածավալ օգնությունն արևմտյան երկրներին ավելի ու ավելի է ներքաշում հակամարտության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա: