ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով»,– ասված է հաղորդագրությունում։
Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։
Ժամը 9։05-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում և Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: