Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհահատվածում 270 կուտակված բեռնատար կա

Սյունիք
Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործում է Նորավան-Լծեն-Տաթև այլընտրանքային ավտոճանապարհը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մ-2 միջպետական ճանապարհի Աղվանի-Տաթև ճանապարհահատվածում կա 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր և վաղը` դեկտեմբերի 10–ին, նշված ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։
Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործելու է Նորավան-Լծեն-Տաթև այլընտրանքային ավտոճանապարհը:
«Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Բերդ և Ճամբարակ քաղաքներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։
Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։
Ստեփանավանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։