ԱԱԾ-ում ու ներքին գործերի նախարարությունում աշխատավարձերը կարող են բարձրանալ 100 տոկոսով

Արխիվային լուսանկար
Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Պետական պահպանության գունդը ԱԱԾ մարմիններից առանձնացվում է, որպեսզի դրանց արդյունավետությունն ու անվտանգության ապահովման կարողությունները բարձրանան։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում նաև ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։ Մենք մի անգամ, համընդանուր, այս ոլորտում աշխատավարձի բարձրացում կատարել ենք, բայց մեր փորձը ցույց է տալիս՝ այդ բարեփոխումը առավել արդյունավետ կլիներ , եթե մենք աշխատավարձ բարձրացնեինք՝ հիմքում ունենալով անհատական ջանքը»,– նշեց ԱԽ քարտուղարը։

Նա նշեց, որ այս պահին քննարկվում է ոլորոտում աշխատակիցների աշխատավարձի մինչև 100 տոկոս բարձրացման հարցը։
«Մենք ցանկանում ենք պետական համակարգի աշխատողների համար ստեղծել շահագրգռվածություն, որպեսզի վերջիններս անհատական ջանք գործադրեն իրենց աշխատավարձը մինչև հարյուր տոկոս ավելացնելու ճանապարհին»,– նշեց նա:
ԱԽ քարտուղարի հավաստմամբ` բազմաթիվ պատճառներ կան պետական պահպանության ծառայությունը ու արտաքին հետախուզական ծառայությունն առանձնացնելու համար։ Դրանցից մեկը ԱԱԾ-ին հնարավորություն տալն է, որպեսզի վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։
Պետական պահպանության ծառայությանը բյուջեից լրացուցիչ գումար կհատկացվի
Նշենք, որ Ազգային ժողովը արտահերթ նիստի ժամանակ այսօր քննարկում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ նախագծի` առաջարկվում է պետական պահպանության գունդը առանձնացնել ԱԱԾ մարմիններից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա կառավարման համակարգի մարմին։