Yandex taxi–ի և Taxi Eats-ի նկատմամբ վարույթ է հարուցվել. հասարակությանը մոլորեցրել են

Yandex taxi
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնել է, որ ընկերությունը մի շարք հայտարարություններ է անում զեղչերի մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. «Յանդեքս․տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով վարույթ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Վարույթ է հարուցվել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով։
«eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքումն իրականացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որի մասին նշվում է միայն ֆեյսբուքյան էջում։ Բացի այդ, նույն կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքման համար առկա է էական պայման՝ 1500 դրամ և ավել գնում կատարելը, որի մասին չի նշվում»,–ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «1350 դրամ զեղչ՝ Յանդեքս Իթսից» բովանդակությամբ ակցիա, մինչդեռ չեն նշվել ակցիայից օգտվելու պայմանները, այն է՝ պետք է մուտքագրել պրոմո կոդ, իսկ թե որն է պրոմո կոդը, հայտնի չէ։ Ինչպես նաև տվյալ զեղչից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ առաջին պատվերի շրջանակում։
Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «Բուրգերից մինչև բուրիտո,-10%» բովանդակությամբ գովազդ, սակայն պատվիրելիս զեղչ չի կիրառվում։
ՄՊՀ-ն խոշոր տուգանքներ է նշանակել Globbing, ONEX, «ՀայՓոստ» ընկերությունների նկատմամբ