Տնտեսական աճ, նախանշվածի կատարում, սպասելիքներ. Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփում է

Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն
Կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել տնտեսական բազմակի էֆեկտ ապահովող ներդրումային ծրագրերի իրականացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. 2022թ. առաջին 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է 12.1 տոկոս տնտեսական աճ, ակնկալվում է, որ տարվա արդյունքում այս թիվը կկազմի 14 տոկոս։ Այս մասին զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր Էկոնոմիկայի նախարարություն այցի ժամանակ։ Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ գործադիրի ղեկավարը գերատեսչություն է այցելել 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով:
Վարչապետին զեկուցվել է, որ ավարտին է մոտենում գործարար միջավայրի բարելավման ծրագիրը, մշակման փուլում են տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականությունները, կանաչ տնտեսության զարգացման ռազմավարությունը:
«Կառավարության ղեկավարին ներկայացվել է արդյունաբերական քաղաքականության, ներդրումների և որակի ենթակառուցվածքների ոլորտներում աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ մեկնարկել է «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց ծրագիրը», որով հետաքրքրված տնտեսվարողների թիվը գերազանցում է 50-ը, այժմ քննարկման փուլում է 8 ակտիվ հայտ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընթացքի մեջ է Արագածոտնի մարզի Ապարան համայնքում լեռնային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը՝ շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Քննարկվում են ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, արտահանման ուղղություններով մի շարք ներդրումային ծրագրեր։
Մեկնարկել է տնտեսական կարողությունների արդիականացման ծրագիրը։ Դրանով ձեռնարկություններին հնարավորություն է տրվել մինչև 10 մլրդ ՀՀ դրամ գրեթե անտոկոս վարկավորում ստանալ և ձեռք բերել սարքավորումներ: Պատասխանատուների խոսքով՝ ծրագիրը պահանջված է։ Ներկայում պորտֆելը 42 մլրդ ՀՀ դրամ է: Մեկ այլ ծրագիր միտված է արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելուն։ Դրանով նախատեսվում է աշխատավարձի սուբսիդավորում։
Աճ է գրանցվել նաև մի շարք երկրների հետ ապրանքաշրջանառության ուղղությամբ, այդ թվում՝ Վրաստանի, Իրանի և այլն: Շարունակվել են ԵԱՏՄ և ԵՄ հետ տնտեսական գործակցությամբ՝ Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները:
Պետք է կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը. էկոնոմիկայի նախարար
Գյուղատնտեսության բնագավառում ևս տարբեր ճյուղերում աճ է գրանցվել։ Ինտենսիվ այգեգործության ծրագրով՝ 2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 1533 հա այգեհիմնման և 2000 հա ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ: Հաջող իրականացվում են գյուղտեխնիկայի լիզինգի և գյուղապահովագրության ծրագրերը: Նախարարության տվյալներով` գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրով 2022թ. երրորդ եռամսյակում տրամադրվել է 6969 միավոր վարկ, որով Կառավարության նախանշած թիրախը գրեթե կատարված է (7000)։ Ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 224 մլրդ ՀՀ դրամ, 2023թ. հունվարի 1-ից ծրագիրը կդադարեցվի:
Քննարկման արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: