ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Կառավարությունը խստացնում է շինհրապարակների նկատմամբ հսկողությունը։ Ինչպես հերթական նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, որոշման նախագիծը մշակվել է շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունից:
Նախարարի խոսքով` գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինհրապարակներում պատշաճ կարգուկանոն սահմանել։
Ներկայացված նախագծով առաջարկվում է բոլոր նորմերը պարտադիր ներառել պայմանագրերում` դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող կետեր սահմանելով։
«Կառավարությունն ունի այդպիսի իրավասություն` բոլոր պետական գնումների դեպքում սահմանել այն հիմնական պայմանները, որոնք գնումների պայմանագրերը կազմելու ժամանակ պարտադիր պայմանի բնույթ ունեն։ Եվ մենք հիմա առաջարկում ենք, որ այդ կարգավորումները դառնան հիմնական պայմանագրերի մաս։ Այսինքն` հետայսու ցանկացած պետական մարմին, որ շինարարական աշխատանքների պատվեր կտա, իր գնման պայմանագրերով կնախատեսի նաև պատասխանատվության միջոցներ` այդ կանոնները չպահպանելու համար»,– ասաց Խաչատրյանը։
Ընդ որում` կանոնները խախտելու բարդությունից ու հետևանքներից կախված պատասխանատվության խստությունը տարբեր կլինի` սկսած տույժ տուգանքից, մինչև պայմանագրի կասեցում։
Ֆինանսների նախարարը նշեց, որ այս նորմերը հետագայում տեղ կգտնեն նաև մասնավոր պայմանագրերում, քանի որ տեսչական մարմինների համար իրավական հիմք կստեղծվի շինհրապարակներում ստուգումներ իրականացնելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ շեշտեց, որ Երևանում ակնհայտորեն օդում փուշու մեծ ծավալ կա` շինարարական լայնածավալ աշխատանքների հետևանքով։
«Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում»,– ասաց նա։
Կառավարության հաստատած նոր որոշմամբ սահմանվում են շինհրապարակում բոլոր անհրաժեշտ նորմերը` սկսած անվտանգությունից մինչև աղտոտման կանխարգելում։