ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ավարտվել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Դրանք արդեն փոխանցվել են հարազատներին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈւ 3 զինծառայողների գտնվելու վայրը»,–գրել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ ռազմական ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։
Դատաբժշկական փորձաքննությունը նույնպես դեռևս ընթացքի մեջ է։
Նշենք, որ նշված զոհերի մարմինները ադրբեջանցիները հայկական կողմին էին փոխանցել նոյեմբերի 28-ին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։