ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, այն է` նվազեցնել Հակակոռուպցիոն, Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորների, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնողների և կոմիտեի ծառայողների համար մինչ այս սահմանված հավելումները։ Պատգամավորներից 65–ը կողմ քվեարկեցին օրենքի նախագծին, 29–ը` դեմ։
Ըստ նախնական փոփոխությունների` պետք է նվազեցվեր նաև ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորի հավելումները` 80%–ից այն պետք է դառնար 70%։ ԱԺ նիստում վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը հայտարարեց, որ օրենքի նախագծով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորներն առաջարկել են նրանց հավելումներն անփոփոխ թողնել։
«ՍԴ դատավորների վարձատրության մեջ լրացուցիչ հավելավճարը` պայմանավորված ստաժով, նրանց դեպքում սահմանափակված է 12 տարով։ Այլ դատական ատյանների համեմատությամբ համախառն եկամուտը կարող է ավելի նվազ լինել, քան այդ ատյաններում ավելի բարձր ստաժ ունեցողների պարագայում»,– ասաց նա։
Այսպիսով` Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70% հավելումը նվազեցվում է մինչև 60%, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60%-ից նվազեցվում են ու դարձվում 55%։ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և կոմիտեի ծառայողների 100%-ի հավելումը՝ 92%:
Քալաշյանի խոսքով` նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացվում է` 68 հազար դրամից դառնում է 75 հազար դրամ:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից։