ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի Վիկտոր Բուտը հայրենիք է վերադարձել ԱՄՆ քաղաքացի Բրիթնի Գրայների հետ փոխանակման արդյունքում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«2022 թվականի դեկտեմբերի 8-ին Աբու Դաբիի օդանավակայանում հաջողությամբ ավարտվել է Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտին ԱՄՆ քաղաքացու` բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ փոխանակելու ընթացակարգը, որոնք պատիժ էին կրում համապատասխանաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ուղղիչ հիմնարկներում»,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
ՌԴ-ն տևական ժամանակ բանակցում էր ԱՄՆ-ի հետ Բուտին ազատելու շուրջ։ Վաշինգտոնը կտրականապես հրաժարվում էր նրան փոխանակման սխեմայում ընդգրկելու երկախոսությունից։
«Ձեռնարկված ջանքերի արդյունքում հաջողվել է ամերիկյան կողմի հետ պայմանավորվել , որ Բուտին փոխանակեն Գրայների հետ։ Ռուսաստանի քաղաքացին վերադարձել է հայրենիք»,-ամփոփել են ԱԳՆ-ում։
Վիկտոր Բուտը գրեթե 15 տարի բանտարկված էր Միացյալ Նահանգներում: Նա ԱՄՆ-ի խնդրանքով ձերբակալվել էր Թաիլանդում 2008 թվականին` ամերիկյան հատուկ ծառայությունների սադրիչ գործողության արդյունքում, իսկ հետո տեղափոխվել էր ԱՄՆ։ Նրան մեղադրում էին ԱՄՆ քաղաքացիների սպանության և ահաբեկչությանը նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով դավադրություն նախապատրաստելու մեջ։ Բուտը հերքում էր բոլոր մեղադրանքները։
Բուտն ԱՄՆ էր տեղափոխվել ինչպես թայլանդական, այնպես էլ ամերիկյան օրենսդրությունների կոպիտ խախտումներով։ 2012 թվականին Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, ինչից հետո դաշնային դատարանը 25 տարվա ազատազրկման էր դատապարտել նրան։