Փաշինյանն ու Կլաարը խոսել են սահմանազատման, կապերի ապաշրջափակման և ԵՄ առաքելության մասին

Տոյվո Կլաարն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետը կարևորել է Պրահայի հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների անցկացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Կլաարը Հայաստան է եկել այսօր։ Ավելի վաղ նա թվիթերյան իր էջում լուսանկար էր հրապարակել օդանավակայանից և գրել. «Բարի լույս։ Այսօր կփորձարկենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Կեսօրից ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ»
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Կլաարը խոսել են տարածաշրջանային անվտանգության, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների մասին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին վերաբերող հարցեր։
Շեշտվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորությունը։ Վարչապետն ու եվրոպացի պաշտոնյան անդրադարձել են ԵՄ առաքելության գործունեությանը:
Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափով հետագա քննարկումների կարևորությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։