ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Լիբանանի խորհրդարանի պատգամավորներին արդեն 9–րդ անգամ չի հաջողվել նախագահ ընտրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NNA գործակալությանը:
Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ թեկնածուն պետք է հավաքի 128 հոգանոց խորհրդարանի ձայների առնվազն երկու երրորդը, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում անհրաժեշտ է 50 տոկոս + 1 ձայն ստանալ:
Այսօր կայացած նիստում քվեարկության արդյունքում 50–ամյա Միշել Մուավադը (անկախ խորհրդարանական) ստացել է 39 ձայն։ Եվս 39 պատգամավոր դատարկ քվեաթերթիկ են հանձնել, 4 քվեաթերթիկ չեղյալ է հայտարարվել։ Մյուս պատգամավորները քվեարկել են մյուս թեկնածուների օգտին։ Ընդհանուր առմամբ` նիստին մասնակցել է 105 պատգամավոր:
Պատգամավոր Իհաբ Մատարն ասել է, որ խորհրդարանականները, որոնք յուրաքանչյուր նիստի քվեարկում են Մուավադի օգտին, շարունակում են աջակցել նրան, բայց ընդհանուր առմամբ պատրաստ են կոնսենսուսի առկայության դեպքում աջակցել մեկ այլ քաղաքական գործչի, որը լիովին համապատասխանում է պահանջների ցանկին:
«Մեզ լուրջ նախագահ է պետք, որը պատրաստ է բարեփոխումներ իրականացնել, պետության վերակառուցման, արաբական երկրների, տարածաշրջանի հարևանների հետ հարաբերությունների վերականգնման ծրագիր ունի։ Այդ հարաբերությունները նախորդ շրջանում ոչնչացվել են», - մեջբերում է գործակալությունը պատգամավորի ելույթը:
Լիբանանն արդեն հայտնվել էր նման իրավիճակում 2014-ի մայիսից մինչև 2016-ի հոկտեմբերը նախագահի բացակայության պայմաններում, երբ նոր նախագահ կարողացան ընտրել միայն խորհրդարանի ավելի քան 45 նիստերից հետո:
Լիբանանն ավելի քան երեք տարի խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, որն ուղեկցվում է քաղաքական և հասարակական լարվածությամբ։ Ճգնաժամի ֆոնին գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել բանկային համակարգը, ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 20 անգամ։ Արդյունքում բնակչության ավելի քան 70%-ը հայտնվել է աղքատության շեմից ցածր կարգավիճակում։