ՀՀ կառավարությունը հաստատեց նոր հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը

Նիկոլ Փաշինյան
Նոր ծառայության ստեղծումից 3 տարի հետո արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն գործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն` որպես ՀՀ վարչապետին կից պետական կառավարման մարմին։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղական Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։
Նա շեշտեց, որ ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։
«Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել` այդ գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,– ասաց Մինասյանը։
Ոստիկանության զորքերը կվերակազմավորեն որպես ոստիկանության գվարդիա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն էլ նշեց, որ աշխարհում արտաքին հետախուզության մեթոդները էական փոփոխությունների են ենթարկվում, ու Հայաստանի համար կարևոր է իր կարողությունները դրանց հարմարեցնելը։
«Աշխարհում հետախուզական գործունեության ձևերն ու մեթոդները զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Եվ մենք այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել ԱՀԾ` որպես վարչապետին ենթակա մարմին»,– ասաց Փաշինյանը։
Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հաստատեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր փաթեթը։ Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը` որպես անհետաձգելի նախաձեռնություն։
Այդ մոդելը մշակելով` ֆրանսիացիները նման բան չեն մտածել. Գրիգորյանը` ՆԳՆ–ի ստեղծման մասին