ՌԱԴԻՈ

Հակակոռուպցիոն պայքարում իշխանափոխությունից հետո արդյունք չկա. իրավապաշտպան

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հարցին, թե ինչու Հայաստանում մինչ օրս տրամաբանական ավարտին չեն հասել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող կոռուպցիոն բնույթի գործերը։
Sputnik
Կոռուպցիայի դեմ պայքարը բարի ցանկություններով կամ խոսքերով չէ, հատկապես եթե կոռուպցիան մեծ ծավալներ ու կազմակերպված բնույթ ունի, պետք է գործարկվեն հակազդող լուրջ քայլեր, ինչը 2018 թվականի իշխանափոխությունից հետո չարվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Գլխավոր դատախազության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` 2021 թվականի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590–ը (2020թ.` 671) պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են։
«2018 թվականի իշխանափոխությունից հետո եղան հայտարարություններ, հնչեցին կարգախոսներ ամենաբարձր մակարդակով, տրվեցին նույնիսկ կոնկրետ խոստումներ, բայց ոչինչ տեղի չունեցավ, որովհետև նախ չկար հստակ պատկերացում, թե ինչ քայլերով և ինչպես պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, և երկրորդ` իրականում չկար մեծ ցանկություն։ Իշխանության մոտ կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է լոկ որպես պատրվակ, որով իշխանավորները պետք է խոսեն հասարակության հետ` վերջինից ծափահարություններ ու ձայներ կորզելու համար»,– նշեց իրավապաշտպանը։
Հարությունյանը հիշեցրեց, որ դեպքից դեպք, երբ տեղի էին ունենում ՏԻՄ կամ համապետական ընտրություններ, հակակոռուպցիոն բոլոր լոզունգները գալիս էին առաջին պլան և թալանվածը «կոպեկ առ կոպեկ հետ բերելու» թեզը հավանության էր արժանանում ընտրազանգվածի կողմից, բայց երբ անցնում էր այդ պահը և նույնիսկ ինչ–որ փորձեր էին արվում պայքար մղել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, ապա բախվում էին արդարադատության հին համակարգին, որն այդպես էլ լիարժեքորեն ու արդյունավետորեն չվերափոխվեց։
Կոռուպցիայի նկատմամբ Հայաստանը անզիջում է և անհանդուրժող. Աննա Վարդապետյան
Անդրադառնալով կոնկրետ հակակոռուպցիոն պայքար մղող մասնագիտացված կառույցների գործունեության արդյունավետությանը` մեր զրուցակիցն ընդգծեց, որ եթե չկա մշակված հստակ քայլերի հերթականություն, ապա որևէ համակարգ առանձին չի կարող ցանկալի արդյունք գրանցել։
«Հակակոռուպցիոն պայքարի քաղաքականության արդյունքը մենք արդեն իսկ պետք է տեսած լինեինք, մինչդեռ այսօր ոչ ոք չի կարող պնդել, թե մեծ փոփոխություններ են եղել»,– նշեց Հարությունյանը։
Նրա կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարը իշխանության համար գործիք է, որով պայքարում են մի դեպքում իրենց համար անցանկալի գործիչների դեմ, իսկ մյուս դեպքում օգտագործում են ընտրությունից ընտրություն իրենց քաղաքական պայքարում վերատադրության գործընթացն ապահովելու համար։
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն` միայն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազների կողմից ներկայացվել է 95 միջնորդագիր (2020թ.` 72)։