ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավորներ կունենա. այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է կայացել, որի ժամանակ էլ հայտարարվել է, թե ում են բաժին հասել նոր մանդատները։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովը։
Ըստ այդմ` «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի մանդատները ԿԸՀ արձանագրությամբ տրամադրվել են Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ինքնաբացարկների դիմումները։ Այսպես`մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից և վերադառնում է փաստաբանական համայնք, իսկ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն էլ նոյեմբերի 30-ին հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ԱԺ–ում, և կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը մանդատներից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել։