ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշները
Միր Հադի Սեյեդիի խոսքով` ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի Թեհրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ն և Իրանը մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջին տասնօրյակը ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կկնքեն։ Այս մասին հայտնում է Tehran Times գործակալությունը` հղում անելով համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավար Միր Հադի Սեյեդիին։
«Միր Հադի Սեյեդին` ԵԱՏՄ–ի երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավարը, հայտնում է այն մասին, որ երկու կողմերի ներկայացուցիչները համաձայնագիրը կստորագրեն Թեհրանում մինչև տարեվերջ», – փոխանցում է գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայմանփաքը հայտնել էր, որ ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավաբանական հարցերը նախատեսվում է կարգավորել այս ամսվա ընթացքում։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն էլ հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։