ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրել է Հայաստանի մի շարք խոշոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը։ Ըստ հրապարակված տվյալների` նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը դիտարկումներ են կատարվել Արարատում, Գյումրիում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում։ Տարբեր օրերի ուսումնասիրությունների արդյունքները տարբեր են եղել։
«Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում նոյեմբերի 27-ին, 28-ին, 30-ին, Գյումրիում՝ նոյեմբերի 28-ին, 29-ին, Հրազդանում՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդիում՝ նոյեմբերի 28-ին, 29-ին»,– հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հիշեցնենք, որ կենտրոնից պարբերաբար հրապարակում են նաև Երևանի տարբեր թաղամասերի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկություններ։ Ըստ նոյեմբերի վերջին հրապարակված տվյալների` Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում նոյեմբերի 17-ին, 18-ին, 22-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին։
Միևնույն ժամանակ Երևանի վարչական շրջաններից ոչ մեկում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։