ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում 25-ամյա կինն ընտանեկան բռնության պատճառով փորձել է ինքնասպան լինել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
«Քննությամբ պարզվել է, որ 25-ամյա կինը շուրջ 3 տարի ամուսնացած է եղել Սևան քաղաքի 27-ամյա բնակչի հետ: Վերջինս համատեղ կյանքի ընթացքում կնոջ արժանապատվության և հոգեկան վիճակի նկատմամբ ցինիկ վերաբերմունք դրսևորելով, պարբերաբար ծեծի է ենթարկել նրան, նրա և մերձավորների հասցեին հայհոյանքներ հնչեցրել: 2022 թվականի նոյեմբերի 21-ին 27-ամյա տղամարդը հերթական անգամ հարվածել է կնոջը, վիրավորել նրա արժանապատվությունը, սպառնացել»,– ասված է հաղորդագրությունում:
Կինը ամուսնու կողմից պարբերաբար դաժան ծեծի և արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի է արժանանացել, ինչի հետևանքով գտնվել է հոգեկան ծանր ապրումների մեջ։ Հետագայում իր նկատմամբ նման վերաբերմունքից ազատվելու համար, հաշվի չառնելով նույնիսկ իր խնամքին գտնվող մանկահասակ երեխային, նոյեմբերի 21-ին, ժամը 21:00-ի սահմաններում, 25-ամյա կինը գնացել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատված և որոշել ինքնասպանություն գործել. հետիոտնային վերգետնյա անցումից իրեն ցած է նետել և ստացել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 27-ամյա տղամարդու մայրն ականատես լինելով այդ գործողություններին, նորմալ է ընդունել այդ հանգամանքը՝ ողջունելով որդու կողմից բռնության գործադրումը, այդպիսով դրսևորել դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 27-ամյա տղամարդուն և նրա մորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ինքնասպանության հասցնելը մերձավոր ազգականի կողմից) նախատեսված արարքի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: