ԱԺ-ն ընդունեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում» փոփոխություն կատարելու նախագիծը

Նույնականացման քարտերի տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ. փետրվարի 15-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում» փոփոխություն կատարելու հարցը։ Օրենքի նախագիծն ընդունվեց 65 կողմ, 5 դեմ, 23 ձեռնպահ ձայներով։
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնեց, որ փոփոխության պայմանավորված է 1998-ի դեկտեմբերի 25-ի 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի ժամկետը մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ։
«Նույնականացման քարտերի տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ. փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»,-ասաց նա:
Մինչև 2024 թվականը Հայաստանում կդադարեն կենսաչափական անձնագրեր տրամադրվել։ 2024 թվականից ոստիկանությունը պատրաստվում է ավելի կատարելագործված կենսաչափական անձնագրեր և ID քարտեր տալ։ Դրանցով կկատարվեն նոր սերնդի էլեկտրոնային պետական ծառայություններ։ Արդեն իսկ ընտրվել են միջազգային խորհրդատուները, մշակվում են էլեկտրոնային նույնականացման նոր համակարգեր։
Մինչ այդ նախատեսվում է ուժի մեջ պահել հին անձնագրերը (առանց կենսաչափական տվյալների)։ Ավելի վաղ դրանց տրամադրումը նախատեսվում էր դադարեցնել 2023 թվականից։