ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը, այս անգամ` Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։