ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Սահմանային իրավիճակը լարված է` հաշվի առնելով, որ անընդհատ կրակոցներ կան, և դա չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Լարվածությունը մշտապես կա, մեր խնդիրը պրոցեսին լարվածություն չհաղորդելն է, բանակցությունների միջոցով խաղաղության հասնելն է։ Ասել, որ այսօր վտանգները վերացված են, չեմ կարող ասել, սակայն նաև վախեցնել չեմ ուզում, քանի որ այս պահին կոնկրետ մտահոգվելու առիթ չկա»,–ասաց Պապիկյանը։
Ինչ վերաբերում է զենք-զինամթերք ձեռք բերելուն, ապա Պապիկյանը նշեց, որ միշտ էլ գուցե տարբեր շուկաների փնտրտուք եղել է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում դիտարկում են նոր հնարավորություններ, որ ընձեռնվում են.
«Բազում դռներ ենք բախել, այս պրոցեսը բնական է` խոսքը նոր որակի սպառազինություն ձեռքբերելու մասին է։ Մեծ աշխատանք է տարվում, և տեսանելի են որոշակի արդյունքներ, որոնք մոտ են առարկայական լինելուն»։
Հիշեցնենք` հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ու Հայաստանը ստորագրել են ավելի քան 244 մլն դոլարի զենք–զինամթերքի գնման պայմանագիր։ Հայաստանի կառավարությունն առայժմ չի շտապում բացահայտել Հնդկաստանի հետ գործարքի մանրամասները։