Քննչական կոմիտեի նախկին նախագահն ընտրվեց ԲԴԽ անդամ

Պատգամավորները փակ գաղտնի քվեարկության գնացին, ինչից հետո հայտնեցին արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը նոր անդամ ունի։ ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընտրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Հայկ Գրիգորյանին։
Նա ընտրվեց 75 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին։ 1994-1996 թթ. Գրիգորյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Սովորել է և ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը։ Նա պատրաստել է նաև դոկտորական ատենախոսություն ու պաշտպանել այն, ինչից հետո վերջինիս շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեությունը սկսվել է 2001 թվականին` ՀՀ դատախազությունում` զինվորական դատախազության Երևանի 2-րդ և 3-րդ կայազորներում եղել է քննիչ ստաժոր, ապա քննիչ, այնուհետև ավագ քննիչ (2001-2006 թթ.)։ 2009 թվականից աշխատել է պաշտպանության նախարարությունում, որպես քննչական ծառայության վերահսկողության մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ, ապա ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ։ 2014 թվականից աշխատել է քննչական կոմիտեում, 2018-2021 թթ. ՔԿ նախագահ էր։
ՀՀ կառավարությունը համաձայնեց բարձրացնել ԲԴԽ անդամների ու նախագահի աշխատավարձերը
Հայկ Գրիգորյանը արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական է։
Նշենք, որ նա ընտրվեց ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի փոխարեն, որը հոկտեմբերի 10-ին դադարեցրել էր իր լիազորությունները և հայտնել, որ խորհրդի անդամի երդումը հնարավորություն չէր տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին և որոշել էր այդ ամենն անել խորհրդից դուրս։