Նոր նախագիծ. զինհաշմանդամների համար փոփոխություններ կարվեն

Նախարարությունը նախատեսում է սոցիալական խնդիրը լուծել նաև զբաղվածության ծրագրերով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած այն զինծառայողների համար, որոնք «Զինվորական ապահովագրության» հիմնադրամի շահառու են ու ի սկզբանե ունեցել են 2-րդ կարգի հաշմանդամություն, սակայն վերափորձաքննության արդյունքում 3-րդ խումբ են ստացել, նոր օրինագիծ է մշակվել։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարն անդրադարձավ այն խոսակցություններին, թե պայմանավորվածություն կա հաշմանդամության այդ կարգը կրճատելու կամ ֆինանսներ տնտեսելու վերաբերյալ։ Վստահեցրեց` այդ խոսակցություններն իրականության հետ կապ չունեն։
Մկրտչյանն ընդգծեց՝ միասնական սոցիալական ծառայության գործառույթներից մեկը բժշկասոցիալական փորձաքննությունն է։ Անձինք, հաշմանդամության կարգ ստանալուց հետո, պետք է որոշակի ժամանակ անց վերափորձաքննություն անցնեն։ Արդյունքում, եթե առողջական վիճակի մեջ փոփոխություններ լինեն, ապա խմբում նույնպես փոփոխություն է տեղի ունենում։
«Նախկինում երկրորդ խմբի զինհաշմանդամներին, որոնք այժմ վերափորձաքննության արդյունքում 3-րդ խմբի զինհաշմանդամ են դարձել, ըստ առաջարկվող օրինագծի, 3 տարի ժամկետով նրանց կվերադարձվի 2-րդ խմբի սոցիալան երաշխիքները։ Սա չի նշանակում, որ փորձաքննության մեջ սխալ է տեղի ունեցել, նրանք շարունակում են համարվել 3-րդ խմբում ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձինք։ Այդ դեպքում պետությունը որոշակի երաշխիքներ է տալիս, մենք ավելացնում ենք միջինացված թվեր, որոնք համադրելի կլինեն իր նախկին` 2-րդ խմբի կարգավիճակին»,– նշեց Մկրտչյանը։
Հայ մարզիկները Թուրքիայում հաշմանդամային բազկամարտի աշխարհի մրցույթում 8 մեդալ են նվաճել
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է սոցիալական խնդիրը լուծել նաև զբաղվածության ծրագրերով, որպեսզի պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաները եկամտի հավելյալ աղբյուրներ էլ ունենան։