Նոր բնագծերում վերջին 2 ամիսներին էական ինժեներական աշխատանքներ են կատարվել. Պապիկյան

Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Սուրեն Պապիկյանը նշեց, որ նոր ստեղծված բնագծերում արված ինժեներական աշխատանքները հեռու են իդեալական լինելուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Վերջին իրադարձություններից հետո որոշ տեղերում նոր բնագծեր ունենք, որտեղ վերջին 2 ամիսներին էական ինժեներական աշխատանքներ են կատարվել։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Չեմ կարող ասել, որ այն իդեալական է` հեռու է իդեալական լինելուց, սակայն բավարար է։ Սա ամենօրյա աշխատանք է, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքները նաև եղանակային պայմանների փոփոխություններից հետո` գարնանը»,–ասաց Պապիկյանը։
Նա հավելեց նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում էական ինժեներական աշխատանք է կատարվել ողջ սահմանի երկայնքով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։